Ես կրկին Հայաստանի կառավարությանը կոչ եմ անում լուծել զինվորական ծառայությունից խուսափածների հարցը, որոնք արդեն հասել են 27-ամյա տարիքին եւ արտասահմանում են ապրում։ Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովի նիստում խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշեց, որ մոտ մեկ ամիս առաջ «Լուսավոր Հայաստանը» դիմել է կառավարությանը՝ առաջարկելով համաներում շնորհել խուսափածներին, որոնք արդեն 27 տարեկան են։ Պատգամավորի խոսքերով՝ մոտ 3500 խուսափածներ գտնվում են արտասահմանում եւ չեն կարողանում վերադառնալ Հայաստան՝ վախենալով քրեական հետապնդումից այն բանի համար, որ չեն ծառայել բանակում։ «Մինչդեռ նրանք կարող էին օգտակար լինել իրենց հայրենիքում, իրենց ներդրումն ունենալ երկրի զարգացման մեջ»,- ընդգծեց Մարուքյանը։

Պատգամավորը նաեւ հայտնեց, որ տվյալ հարցով «Լուսավոր Հայաստանի» հետ կապվել են ոչ միայն իրենք խուսափածները, այլեւ նրանց հարազատները։ Մարուքյանի կարծիքով՝ նրանց մեղքն այդքան էլ լուրջ չէ՝ համեմատած այն հանցագործությունների հետ, որոնք անում են համաներումով ազատված մարդիկ։ Հիշեցնենք, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի 27-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները, որոնք չեն ծառայել բանակում եւ ապրում են արտասահմանում, հայրենիք վերադառնալու դեպքում ազատվում են քրեական պատասխանատվությունից՝ պայմանով, որ պետք է դրամական տուգանք վճարեն։ Այս օրենքի գործողության ժամկետը լրացել է 2019թ․ դեկտեմբերի 31-ին։