Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի բոլոր բնակիչները գիտակցեն կորոնավիրուսի տարածման հետ կապված երկրում տիրող իրավիճակի լրջությունը: Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովի նիստին խորհրդարանական ժամի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Նա, մասնավորապես, նշեց կառավարության համակարգված աշխատանքի կարեւորությունը վիրուսի տարածումը կանխելու համար` հավելելով, որ« Լուսավոր Հայաստան»-ը նաեւ մի շարք առաջարկներ ունի այն մասին, թե ինչպես վարվել այս իրավիճակում: «Մենք կարծում ենք, որ բոլոր այն ձեռնարկությունները, որոնք ներկայումս չեն աշխատում, պետք է, այսպես կոչված, «հարկային արձակուրդ» գնան: Եթե նրանք եկամուտ չունեն, առնվազն անմարդկային է ստիպել նրանց հարկ վճարել:

Բացի այդ, ես կարծում եմ, որ այդ կազմակերպությունների բոլոր աշխատակիցները պետք է ստանան իրենց աշխատավարձերը: Պետությունը պետք է վճարի առնվազն նրանց նվազագույն աշխատավարձը: Դա առանց ապրուստի միջոցների մնացած քաղաքացիներին կօգնի շարունակել ապրել»,- ասաց Գորգիսյանը: Պատգամավորը նաեւ շեշտեց, որ բնակչության բոլոր խոցելի հատվածները պետք է կարանտինում լինեն:

Խորհրդարանականը նաեւ նկատեց, որ հեռակա ուսուցումը նոր հնարավորություններ է բացում կրթության համակարգի համար, բայց ամբողջ հարցն այն է` պատրաստ են արդյոք երկրի քաղաքացիներն այդ բարեփոխումներին:

«Շատ մարդիկ, որոնց երեխաները դպրոցում են սովորում, տանն անգամ համակարգիչ չունեն: Պետությունը պետք է այդպիսի ընտանիքներին ապահովի բոլոր անհրաժեշտ սարքավերով»,- ասաց Գորգիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունն ուժի մեջ է ամբողջ Հայաստանի տարածքում 2020 թվականի մարտի 16-ից 18:00-ից մինչեւ ապրիլի 14-ը ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: