Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը կարեւորեց հետեւել տեղեկատվական հիգիենիայի կանոններին, ինչպես հետեւում ենք անձնական հիգիենիայի կանոններին:

 «Մենք գիտենք որքան կարեւոր է ձեռքերը լվանալը, սնունդը ուտելուց առաջ այն մաքրելը կամ պատշաճ կերպով եփելը: Նույնկերպ այսօր կարեւոր է տեղեկատվական հիգիենայի կանոններին հետեւելը, քանի որ քանի որ մեր աչքի առջեւ փոխվել է տեղեկատվության ստացման հնարավորություններն ու խողովակները:

Այս տեղեկատվական հեղափոխությունը ոչ միայն նոր հնարավորություններ է ստեղծել բոլորիս համար, այլ նաեւ նոր մարտահրավերներ»,-ասաց Դանիելյանը:

Համազասպ Դանիելյանն առաջարկեց սահմանել երեք կանոն՝ սոցիալական ցանցերում մեր վարքը համապատասխանեցնելու համար: «Սոցիալական ցանցերում թե՛ տեղեկատվությունը, թե՛ ապատեղեկատվությունը շատ արագ տարածվում է, հաճախ անգամ ամենավնասակար վիրուսից ավելի արագ»,-ասաց նա:

Ըստ իր առաջարկած առաջին կանոնի՝ նա կոչ արեց զգուշությամբ ընտրել տեղեկատվության աղբյուրները, որոնցից օգտվում ենք: «Գեղեցիկ աղջկա, կամ սիրուն քոթոթի հետեւում երբեք չգիտես, թե ով է թաքնված եւ հաճախ նման հարթակները դառնում են տեղեկատվական աղբով կերակրելու խողովակներ»,-ասաց պատգամավորը:

Երկրորդ կանոնը, ըստ նրա, այն աղբյուրները հեռացնելն է, որոնք պարբերաբար ապատեղեկատվություն եւ չստուգված տեղեկատվություն են տարածում. «Կարեւոր է ոչ միայն մեր կողմից սպառվող տեղեկատվության որակը, այլ նաեւ քանակը»:

Որպես երրորդ կանոն՝ Դանիելյանը կոչ արեց փորձել ժամանակ առ ժամանակ տեղեկատվական «դիետա» սահմանել, դուրս գալ վիրտուալ իրականությունից, շփվել ընտանիքի անդամների հետ: