Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն իսկ արձանագրել է, որ 2020 թվականն անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որոշ գնահատականների համաձայն անկումն ավելի խորն է լինելու, քան անգամ 2008-2009 թվականների տնտեսական ճգնաժամի ժամանակ: Հայաստանի պարագայում կանխատեսումները այս պահի դրությամբ դրական են, բայց ակնհայտ է, որ մենք կորցնելու ենք աճի այն տեմպը, որը համատեղ աշխատանքի արդյունքում ձեւավորեցինք 2019 թվականին:

Բայց այս վիճակը մենք ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես նոր հնարավորություն համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղադիրքը փոխելու, տնտեսական հեղափոխության մեր օրակարգն ավելի արդյունավետ եւ կրկնապատիկ տեմպով կյանքի կոչելու համար:

Աշխարհում համաշխարհային ՀՆԱ-ի 3 տրլն դոլարանոց անկում է լինելու, այսինքն համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու եւ մենք այսօրվանից պետք է մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը պետք է զբաղեցնի եւ դա պետք է լուծի առաջիկա 5 տարվա ընթացքում:

Սա նշանակում է, որ մենք խնդիր ենք դրել զբաղեցնել ազատվող շուկայի մեկ տոկոսը, եւ ես հավատում եմ, որ մենք կարող ենք դա անել»:

Նա ընդգծեց, որ կորոնավիրուսի ամենաճգնաժամային իրավիճակում Հայաստանը պարենային ապրանքների դեֆիցիտ չունեցավ եւ չունի, ինչն ունեցան բազմաթիվ զարգացած երկրներ: