ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակված՝ ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը թյուրըմբռնում է առաջացրել: Որոշ հարկ վճարողներից հնչում են դժգոհություններ, որ իրենց փաստացի գործունեությունը չի համապատասխանում ցանկում նշված գործունեության տեսակներին:

«Թեպետ ուժը կորցրած է ճանաչվել պարետի 23.03.2020թ. թիվ 13 որոշումը՝ ՊԵԿ-ը, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հարկ վճարողների գործունեության տեսակը որոշելու համար հիմք են հանդիսացել բացառապես հարկ վճարողների կողմից ներկայացված հարկային հաշվարկներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված տնտեսական գործունեության դասակարգիչների վերաբերյալ կատարված նշումները, իսկ լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունների մասով` նաև լիազոր մարմիններից ստացված տեղեկատվությունը:

Կոմիտեն հորդորում է այն հարկ վճարողներին, որոնք հարկային հաշվարկներում արտացոլել են իրենց փաստացի գործունեությունից տարբերվող տնտեսական գործունեության դասակարգիչ` կատարել ուղղումներ (այդ թվում` ներկայացնել նաև ճշտված հարկային հաշվարկներ)»,- ասվում է հաղորդագրության մեջ: