Կառավարությունը հստակ քայլեր է մշակել մեր բիզնեսի մրցունակ եւ հեռանկարային հատվածին աջակցելու համար. այդպիսի առաջին փաթեթները կընդունվեն հինգշաբթի կայանալիք կառավարության  նիստում: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ կառավարությունը շուրջ 150 մլրդ դրամ է տրամադրելու ոչ թե ճգնաժամային այս իրավիճակին դիմակայելու, այլ հետճգնաժամային աշխարհում մեր հաղթանակները նախապատրաստելու համար: «Կառավարության առաջիկա նիստում մենք կընդունենք նաեւ գյուղատնտեսության խթնման լայնածավալ ծրագիր: Բոլոր տեսակի գյուղատնտեսական նոր տրվող վարկերի տոկոսադրույքները կառավարության կողմից կզրոյացվեն, նաեւ առանձնահատուկ պայմաններ կստեղծվեն ռեալ աշխատող եւ նոր ձեւավորվող գյուղատնտեսական կոոպերատիվների համար:

Իմիջիայլոց, գյուղատնտեսական գործունեությունն այս օրերին չպետք է արգելակվի, եւ ես կոչ եմ անում մեր բոլոր գյուղացիներին ակտիվորեն զբաղվել գարնան գյուղատնտեսական աշխատանքներով: Պարետատան որոշմամբ գործունեության այդ տեսակը համարվել է կենսական:

Կառավարության առաջիկա նիստում հատուկ փաթեթ կընդունվի գործող բիզնեսների լիկվիդայնության հնարավոր խնդիրները չեզոքացնելու եւ անհրաժեշտ լիկվիդայնությամբ ապահովելու, այդ թվում աշխատատեղերը պահպանելու եւ աշխատավարձերը վճարելու համար:

Կառավարությունը շարունակում է աշխատել սոցիալական աջակցության փաթեթը, որի համար տրամադրելու ենք շուրջ 25 մլրդ դրամ, առավել հասցեական եւ արդյունավետ ծախսելու ուղղությամբ:

Մենք նորանոր փաթեթներ, ծրագրեր ենք ներդնելու ճգնաժամային այս վիճակում աշխատանքը եւ աշխատող մարդկանց աջակցելու նպատակով»,-ընդգծեց Փաշինյանը: