ՀՀ ողջ տարածքում այսօր` կեսգիշերից սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը: Պարետի հանձնարարությամբ` Ոստիկանության ուժերը Հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու են հսկողություն: Մարդկանց տեղաշարժի դեպքում ոստիկանն իրավասու է մոտենալու եւ հարցնելու նպատակը եւ ստուգելու անձը հաստատող փաստաթուղթը եւ տեղաշարժման թերթիկը: Եթե չկա այդ թերթիկը, ապա ոստիկանը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի համապատասխան միջոցներ կիրառել: Այս մասին այսօր` մարտի 24-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

«ՀՀ ողջ տարածքում այսօր` ժամը 23:00-ից սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը եւ սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց բնակության վայրում: Մեր քաղաքացիները պետք է մնան տանը, տանից դուրս չպետք է դուրս գան` բացառությամբ  որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում: Այդ դեպքերը նույնպես պարետի որոշմամբ սահմանված են, մասնավորապես, կենսական անհրաժեշտությունից ելնելով մեր քաղաքացիները կարող են այցելել` գնումներ կատարել մթերային խանութներ, դեղատներ կամ գյուղատնտեսական շուկաներ: Սա չի նշանակում, որ քաղաքացիները հնարավորություն ունեն օրը մի քանի անգամ այցելել, ցանկալի է, որ ցացառիկ դեպքերում դուրս գան: Հնարավորություն ունեն մասնակցելու հոգեհանգստի արարողություններին, ինչպես նաեւ եթե խնամքի կարիք ունեցող անձի են այցելում նույնպես կարող են դուրս գալ»,- ասաց Քրմոյանը:

Նա նշեց նաեւ բացառիկ դեպքերում թույլատրվելու է նաեւ բնակության վայրի անմիջական մոտակայքում օրական մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարժության համար դուրս գալ տանից:

«Արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի թերթիկ կա, որը յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալուց մեր քաղաքացիները պետք է լրացնեն այդ թերթիկը: Այն տնտեսական գործունեությունը կամ պետական կառավարման աշխատողները, որոնք թույլտվություն ունեն` դուրս գալու տանից, այդ անձինք նույնպես այդ թերթիկը պետք է լրացնեն: Եթե անձն աշխատում է սննդի արտադրությունում եւ պետք է աշխատանքի գնա, ուրեմն անձը պետք է ունենա պարտադիր անձը հաստատող փաստաթուղթ եւ այդ թերթիկը լրացնի; Պետք է սահմանված լինի անձի անուն ազգանունը, ելքի ժամը, հասցեն` որտեղ անձը դուրս է գալիս, այցելության հասցեն»,- ասաց փոխվարչապետի խորհրդականը:

Նա նշեց նաեւ 2-րդ սահմանափակումը, որի որոշմամբ սահմանափակվում է նաեւ ՀՀ ողջ տարածքում հանրային ծառայության իրականացումը. «Հրահանգված է հանրային իշխանության բոլոր մարմիններին` գործունեությունն իրականացնել հնարավորինս առցանց տարբերակով: Սա նշանակում է, որ վարչական շենքում անձինք իրավունք չունեն գտնվել: Բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ մարմնի ղեկավարը առանձնահատկություններից ելնելով` որոշում է, որ որոշակի քանակով մարդիկ պետք է այցելեն»:

Քրմոյանը շեշտեց, որ չեն աշխատելու պետական մարմինների սպասարկման գրասենյակները. «Քաղաքացիները չպետք է ացելեն պետական մարմիններ` ծառայություններ ստանալու նպատակով: Այն կարող է կատարվել նաեւ առցանց: Միեւնույն ժամանակ, որպեսզի քաղաքացիների անհետաձգելի կարիքները անպատասխան չմնան, մեր պետական մարմիններին հրահանգված է իրենց ֆեյսբուքյան էջերով կամ կայքերով կհրապարակեն բոլոր կոնտակտները, որով  քաղաքացիները կարող են անհետաձգելի դեպքում դիմել տվյալ պետական մարմնին»:

Նշենք, որ տեղաշարժման թերթիկները քաղաքացիները կարող են տպել covid19.am կայքից:

«Տետրի թուղթ, A4 ֆորմատի թուղթ. ֆիքսում են տեղաշարժվող անձի անուն-ազգանուն-հայրանունը, ելքի ժամը, ելքի հասցեն, այցելության վայրի անվանումը և այցելության նպատակը, վերադարձի ակնկալվող ժամը»,- նշել է Քրմոյանը: