Instagram սոցիալական ցանցը վիդեոչաթի ռեժիմով ընկերների հետ միասին հրապարակումների համատեղ դիտման նոր գործառույթ է մշակել` աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նոր գործառույթը կոչվում է Co-Watching, դրանից օգտվել կարելի անձնական հաղորդագրությունների հատվածում: Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան դիտել ընկերների հետ եւ ցույց տալ նրանց դուր եկած լուսանկարներն ու տեսանյութերը` սեղմելով ընթացիկ վիդեոչաթի ստորին ձախ անկյունում գտնվող լուսանկարի պատկերակի վրա: Նման միջոցը, ըստ դրա մշակողների, հիմնականում վերաբերում է այն օգտատերերին, ովքեր գտնվում են ինքնամեկուսացման կամ կարանտինի մեջ նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով` նրանց թույլ տալով անընդհատ կապի մեջ մնալ:

Բացի այդ, Instagram-ում մի շարք այլ միջոցներ են ձեռնարկվել կորոնավիրուսի տարածման ֆոնին: Մասնավորապես, սոցիալական ցանցն ավելի շատ կրթական ռեսուրսներ է ավելացրել կորոնավիրուսի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն որոնելիս: Օրինակ, COVID-19-ի մասին տեղեկություններ հայցելիս օգտագործողները, առաջին հերթին, կտեսնեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կամ տեղական առողջապահական մարմինների էջերը:

Հավելվածում նաեւ մի շարք նոր ակտուալ ստիկերներ կհայտնվեն, որոնց թվում են ձեռքերը լվանալու եւ սոցիալական դիստանցիա պահելու անհրաժեշտության մասին հիշեցումները: Ընդ որում, կորոնավիրուս մասին ոչ բավարար տեղեկություններ պարունակող ցանկացած կոնտենտ կհեռացվի: Ավելի վաղ կորոնավիրուսների կանխարգելման միջոցառումների մասին տեղեկացնել էին սկսել այնպիսի տեխնոլոգիական կորպորացիաներ, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը եւ Microsoft-ը: