Չինական Changan ընկերությունը մշակել է ավտոմոբիլային օդային ֆիլտր, որն ապահովում է սրահի օդի 97,7 տոկոսով ֆիլտրում: Դրանից բացի, այն կասեցնում է բակտերիաները, ինչը հատկապես արդիական է COVID-19 կորոնավիրուսի տարածման պայմաններում, փոխանցում է Motor-ը:

Նորույթը ստացել է Չինական ավտոմոբիլային հետազոտական կենտորնի՝ CATARC-ի (CAQC) «CATARC CN95» ազգային հավաստագիրը, որի կանոնները այս ոլորտում ամենախիստերից մեկն են: Հավաստագրման համաձայն՝ բոլոր օդային ֆիլտրերը բաժանվում են 5 մակարդակի՝ կախված օդի ֆիլտրման աստիճանից, որը դրանք կարող են ապահովել: Կենտրոնի հավաստագիրն ստանալու համար օդային ֆիլտրերը պետք է իրականացնեն օդի 95 տոկոսով ֆիլտրում, ինչպես նաեւ ապահովեն տարբեր բակտերիաներից 99,99 տոկոսով պաշտպանական մակարդակ:

Նոր հակաբատերիային օդային ֆիլտրը «PM 0.1» դասի է. սա նշանակում է, որ այն կարող է կասեցնել 0,1 միկրոմետր (0,001 մմ) չափերի մասնիկները: Ընդ որում՝ կորոնավիրուսի մասնիկները մոտ 0,06-0,14 միկրոմետր տրամագծով են: Սակայն վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Համակարգը կարող է օդն ավտոմատ մաքրել, եթե անգամ ավտոմեքենան կայանված է: