Փաստաբանների պալատի նախագահը պարետին խնդրել է վերացնել պալատի գործունեության նկատմամբ կիրառված սահմանափակումները: Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատի կայքէջից:

Փաստաբանների պալատի նախագահի գրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Պարետի 24.03.2020 թվականի № 14 որոշմամբ որոշ բացառություններով արգելվել է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը:

Բացառությունների մեջ չեն ներառվել փաստաբանական գործունեության եւ իրավաբանական ծառայությունների տեսակները (69.10.0): Բացառությունների մեջ ներառված չէ նաեւ Փաստաբանների պալատի, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունը:

Փաստաբանների պալատի նախագահը՝ դիմելով պարետին, մտահոգություն է հայտնել փաստաբանների եւ փաստաբանների պալատի գործունեությունը սահմանափակելու կապակցությամբ:

Մեջբերելով Սահմանադրության 64-րդ եւ 76-րդ հոդվածների դրույթները Փաստաբանների պալատը պարետի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ՝

- անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը չի թույլատրվում սահմանափակել նույնիսկ արտակարգ դրության ժամանակ.

- փաստաբանի իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ իրավունքների սահմանափակումները կարող են սահմանվել միայն ՕՐԵՆՔՈՎ եւ ոչ թե կառավարության կամ պարետի որոշումներով:

Ակնհայտ է, որ նույնիսկ արտակարգ դրության օրերին անձինք կարիք են ունենալու իրավաբանական օգնություն ստանալու, քանի որ՝

- Հայաստանի Հանրապետությունում շարունակվելու են քրեական հետապնդման ենթարկվել քաղաքացիները, այդ թվում՝ կատարվելու են քննչական անհետաձգելի գործողություններ,

- ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների խախտումների հարցերով ընթանալու են անհետաձգելի դատավարություններ (օրինակ՝ մեղադրյալի կալանավորման հարցով դատական նիստ),

- հնարավոր են մարդկանց իրավունքների եւ ազատությունների խախտումներ (ապօրինի ազատությունից զրկում, ապօրինի տուգանքներ եւ այլն):

Փաստաբանների պալատի նախագահը խնդրել է վերացնել փաստաբանների եւ Փաստաբանների պալատի գործունեության նկատմամբ կիրառված սահմանափակումները:

Հ.Գ. Գրությունը որեւէ կերպ չի արժեզրկում Փաստաբանների պալատի դիրքորոշումը եւ հավանությունը՝ Կառավարության՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականության իրականացման հարցում»: