Նողկալի էր լսել ժամանակին կորոնավիրուսը հեգնող, բայց հիմա սարսափահար կորոնավիրուսի տարածման վտանգի մասին տեքստ կարդացող վարչապետին... Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Փաշինյանի կորոնավիրուսային մտահոգ ելույթը և տնտեսական ֆանտասմագորիան» գրառման մեջ նշել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Ի՞սկ ուր մնացին Հայաստանի վարչապետի «կորոնավիրուսը ու՞մ շունն է» և կորոնավիրուսի հարցերը պինցետով օղու և սխտորի միջոցով լուծող խրոխտ հայտարարությունները...

Նողկալի է լսել տնտեսական հեղափոխության մասին ժողովրդին սին խոստումներ տվող վարչապետին, որը, հղում անելով ԱՄՀ-ին, հայտարարեց, որ 2008թ-ի տնտեսական ճգնաժամից ավելի մեծ տնտեսական ճգնաժամ է սպասվում... Բայց նաև չգիտես ինչ հաշվարկների հիման վրա, որոնք, ենթադրաբար, հայտնի են միայն նրան և նրա երկրպագուներին, բարձրաձայնեց, որ 5 տարվա մեջ 30 միլիարդ դոլարի  «օգուտ» ենք ստանալու այս իրավիճակից...

Զարմանալի էր նաև Փաշինյանից իմանալ, որ աշխարհի շատ ու շատ զարգացած երկրներ խնդիր ունեն պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների պահեստավորման առումով... Պարոն Փաշինյանը օրինակներ չբերեց...Չբերեց, որովհետև չկա այդպիսի բան...

Իսկ եթե նկատի ունի, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում մի պահ զուգարանի թղթի խնդիր կար, ապա այստեղ պարոն Փաշինյանին հիշեցնեմ, թե ինչ ահռելի գայթակղիչ ֆինանսական օգնություն է ամերիկյան վարչակազմը պատրաստվում տրամադրել իր հարազատ տնտեսվարողներին...

Հ.Գ.Իսկ վերջում մի հետաքրքիր փաստ. պաշտոնական տվյալների համաձայն Վրաստանում, որտեղ կորոնավիրուսի համաճարակը սկսվեց Հայաստանից մեկ շաբաթ առաջ, վարակվածների թիվը 70-ն է, իսկ Հայաստանում ՝ 249...՚, գրել է Գագիկ Համբարյանը: