Ապրիլյան պատերազմը երրորդ դեպքն էր, երբ մեզ կանգնեցրին: Այս մասին Անժելա Թովմասյանի ՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը:

«Մենք պետք է հակահարված տայինք ու անցնեինք մեր մյուս գործերին, բայց մեզ զանգեցին ու ասացին՝ զինադադար են առաջարկում»: Պարգև Սրբազանը պնդում է, որ մեր առաջխաղացման դեպքում անպատկերացնելի էր լինելու Իլհամ Ալիևի վիճակը. «Ես շատ բարկացա, երբ մեզ ասացին՝ զինադադար է լինելու: Ես այլևս զինվոր կորցնելուն պատրաստ չէի: Մենք պիտի առաջ գնայինք, բայց Ադրբեջանն արդեն երրորդ անգամ մեզ կանգնեցրեց՝ զինադադարով»: Հարցին՝խաբվա՞ծ են այն մարդիկ, որոնք հավատում են խաղաղ ճանապարհով Արցախի հարցի լուծմանը, Արցախի թեմի առաջնորդն ասել է. «Ուշ, թե շուտ խաղաղությունը պետք է գա: Մենք երբևէ չենք խախտել զինադադարը՝ լինելով մեր խոսքի տերը: Խաղաղության համար բոլորը պետք է գան ընդհանուր համաձայնության, սակայն մենք այսօր չենք կարող խոսել Ադրբեջանի հետ խաղաղությունից, երբ իրենք մեծ ախորժակ ունեն, ընդհուպ խոսում են Սյունիքի, Երևանի մասին»: Պարգև Սրբազանի խոսքով՝ ավելի լավ է խոսել խաղաղությունից, քան պատերազմել: Նա հիշում է դեռ 1993թ.-ին Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրույցը. «Ասացի՝ աշխարհում կան մի քանի տեսակ սինդրոմներ, այնպես չանեք, որ լինի նաև «ղարաբաղյան սինդրոմ»: Պատերազմը մի օր ավարտվելու է, իսկ մենք պետք է մարդկանց սոցիալական հարցերը լուծենք: Ռոբերտ Քոչարյանը միանգամից որսաց խոսքս ու հանձնաժողով ստեղծեց, որպեսզի հասկանանք՝ ինչ անել, որպեսզի «ղարաբաղյան սինդրոմ» չունենանք»: Պարգև արբազանի խոսքով՝ ի պատիվ Ռոբերտ Քոչարյանի՝ արցախցին նման խնդրի չբախվեց: Դիտարկմանն՝ ի՞նչ վիճակում է այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոերտ Քոչարյանը, որն այսօր մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար և այս պահին գտնվում է կալանքի տակ, սրբազանը նշել է. «Ռոբերտ Քոչարյանը ուժեղ կամքի տեր մարդ է, բայց ի վերջո նա էլ է մարդ և գուցե նա էլ ընկճված լինի: Ռոբերտ Քոչարյանը ահռելի լումա ունի ազգային ու պետականության գործում ու հիմա հետհայացք գցելով՝ մտածում է՝ «այսքան բան եմ արել, բայց այսօր այս վիճակում եմ»»: Հարցին՝ այս պահին ի՞նչ կասեիք Ռոբերտ Քոչարյանին, Պարգև սրբազանը պատասխանել է. «Մաղթում եմ Ռոբերտ Քոչարյանին համբերություն: Կարծում եմ՝ մի օր ամեն ինչ կշրջվի և մենք ազգովի կհամախմբվենք»:

Արցախի թեմի առաջնորդն ասել է նաեւ, որ պատերազմի ժամանակ լինում են ծայրահեղ պայմաններ, երբ լարվում են մարդու բոլոր ուժերը, որպեսզի հաղթահարվի պատերազմական դրությունը, իսկ խաղաղ պայմաններում մարդը կորցնում է զգոնությունն ու մոռանում ապագայի վտանգների մասին: Ըստ սրբազանի՝ շահում է այն ազգը, որը միշտ արթուն է մնում՝ իմանալով ապագայի վտանգների մասին: