Չնայած երկրում հայտարարված արտակարգ դրությանը, Ազգային ժողովը նախօրեին սկսել, իսկ այսօր՝ մարտի 25-ին, շարունակում է իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

Օրակարգում ընդգրկված է 25 հարց, որից 10-ը քննարկվել է երեկ:

Նախօրեին ԱԺ նիստի աշխատանքը դադարեցնելու առաջարկով հանդես է եկել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Քննարկման արդյունքում խորհրդարանը նպատակահարմար է համարել շարունակել հերթական նիստերի աշխատանքը:

ԱԺ խորհրդի նիստում որոշում է կայացվել, որքան հնարավոր է, արագ ավարտել նիստերի օրակարգը՝ հաշվի առնելով արտակարգ դրությունը եւ այն հանգամանքը, որ դահլիճում մեծ թվով մարդիկ են ներկա լինում: Պատգամավորներին հորդորել են օրակարգը շատ հարցերով չծանրաբեռնել:

Նշենք, որ ԱԺ քննարկվող միակ նախագիծը, որը կարող է երկար քննարկվել, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթն է, որը ստացել է վեթինգի նախագիծ անվանումը: