YouTube տեսահոսթինգը, որը պատկանում է Google ընկերությանը, տեսահոլովակների վերարտադրման որակը նվազեցնելու է HD-ից (high definition, բարձր թույլատրելիություն) մինչեւ ստանդարտային: Այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք անցյալ շաբաթ ժամանակավորապես տեսահոլովակների վերարտադրման ստանդարտ որակ ենք հաստատել Եվրամիությունում, Մեծ Բրիտանիայում եւ Շվեյցարիայում: Հաշվի առնելով այս ճգնաժամի գլոբալ բնույթը՝ այսօրվանից մենք այս փոփոխությունը մտցնում ենք ամբողջ աշխարհի համար»,- նշված է հաղորդագրության մեջ: Առանձին նշվում է, որ օգտատերերը կարող են ձեռքով փոխել վերարտադրման որակը՝ սղմելով համապատասխան պատկերի վրա եւ ընտրելով անհրաժեշտ պարամետրը:

Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրեթոնը, որի պատասխանատվության տակ է նաեւ թվային ծառայությունների ոլորտը, անցյալ շաբաթ համաշխարհային սթրիմինգային պլատֆորմներին առաջարկել էր պատկերի հաղորդման որակը HD-ից նվազեցնել մինչեւ ստանդարտայինի: Սա կապված է ԵՄ-ում հեռահաղորդակցային ենթակառուցվածքի գերծանրաբեռնվածության վտանգավորությամբ՝ այն պատճառով, որ հեռավար աշխատանքի եւ մարդկանց ինքնամեկուսացման հետ կապված համացանցի բարձրակետային բեռնվածությունը փրովայդերների համար սովորական գիշերային ժամերից տեղափոխվում է կեսօրից մինչեւ երեկոյան 9-ը ժամանակահատված:

Մի շարք ծառայություններ, այդ թվում՝ YouTube-ն ու Netflix-ը այս առաջարկին համաձայնվել են եւ համապատասխան միջոցներ են ձեռնարկել նոր կորոնավիրուսի տարածմամբ առավել ծանր իրավիճակներով տարածաշրջանների համար: