Իրանի իշխանությունները կորոնավիրուսի տարածման հետ կապված պլան են մշակել, որը մարդկանց տեղաշարժման սահմանափակումներ է ենթադրում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Երեկ [երեքշաբթի] կորոնավիրուսի տարածմանը հակազդելու շտաբի նիստին քննարկվել է նոր սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտությունը,- ասել է նախագահը, որի ելույթը հեռարձակվել է իրանական պետական հեռուստատեսությամբ:- Նախագիծը պատրաստվել է, եւ [չորեքշաբթի] ցերեկը կհաստատվի, այնուհետեւ կհրապարակվի»:

Ըստ Ռոհանիի` այս պլանը «ուղեւորույթունների սահմանափակումների ներդրում է ենթադրում, որպեսզի մարդիկ արագ վերադառնան իրենց մշտական բնակության վայրեր»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Մինչ օրս երկրում տեղաշարժման սահմանափակումներ չկային, թեպետ իշխանությունները բազմիցս կոչ են արել իրանցիներին խուսափել թչ պարտադիր ուղեւորություններից եւ փողոց դուրս գալուց:

Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել էր երկրում կորոնավիրով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածները հայտնաբերվել էին Կում քաղաքում: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն` հանրապետությունում դեպքերի թիվը հասել է 24.811-ի, գրանցվել է մահվան 1934 դեպք: