Ազգային ժողովն այսօր՝ մարտի 25-ին, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխությունները: Փոփոխություններին աջակցեց 96 պատգամավոր, դեմ հանդես եկավ 16-ը:

Տվյալ օրենսդրական փոփոխությունների էությունը հանրապետությունում գործող ՀԿ-ների մասին տեղեկատվության ընդլայնումն է: ՀԿ-ները, մասնավորապես, պարտավոր են տվյալներ տրամադրել իրենց մոտ շաբաթական առնվազն 20 ժամ աշխատած կամավորների մասին, որոնք հաշվետու ժամանակաշրջանում եղել են կամ դեռ գտնվում են ՀԿ-ի հետ պայմանագրային աշխատանքային հարաբերությունների մեջ:

Օրինագծում հստակեցվում են նաեւ զեկույցում նշված տեղեկատվության նկատմամբ պահանջները: Այսպես, հանրային գումարներ ստացող ՀԿ-ները պետք է ոչ միայն հրապարակեն այն ծրագրերը, որոնց շրջանակներում նրանք ստանում են այդ ֆինանսավորումը, այլեւ նշեն ֆինանսավորման աղբյուրները: Մնացած ՀԿ-ները իրավասու մարմնին` ՊԵԿ-ին, տեղեկատվություն կներկայացնեն այն ծրագրերի վերաբերյալ, որոնց հիման վրա ստացվել են ֆինանսական եւ գույքային միջոցները` առանց դրանց ֆինանսավորման աղբյուրները նշելու: