Քիչ առաջ Կենտրոնական բանկը հայտարարություն տվեց, որ Varks.am-ը զրկվել է լիցենզիայից, ինչը լավ լուր է, որովհետեւ տոտալ խախտումներ կային, բայց մյուս բանկերի, վարկային կազմակերպությունների առումով դեռ որեւէ տեղեկատվություն չունենք: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Քաղաքացիներն անդադար զանգում, նամակներ են գրում եւ նկարագրում իրավիճակներ: Քիչ է մնում Լյուսի Քոչարյանի նման այդ նամակները սկսեմ հրապարակել: Նկարագրում են, որ էսքան անձով ընտանիք ենք, հաշմանդամության էս կարգն ունենք, ասեք՝ ոնց ապրենք եւ այլն»,-ասաց նա:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում աջակցման ծրագրերին, Մարուքյանն ասաց. «Գյուղատնտեսության ոլորտում նույնպես բողոքներ ունենք, որ նախկինում եղած հնարավորություններն այսօր չկան: Անցած հարցուպատասխանի ժամանակ մեր խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը վարչապետին ասում է՝ սելիտրան, դիզվառելիքը, պարարտանյութը գյուղերին հիմա չի տրվում, ինչու չի տրվում: Վարչապետը պատասխանում է՝ որովհետեւ նախկինում թալանել են, դրա համար էլ չի տրվում: Ժողովուրդ ջան, դուք եկել եք, թալանչի չեք, տվեք մարդկանց, թող օգտագործեն: Որ էն ժամանակ թալանել են, հիմա չեք տալիս, դա լուծո՞ւմ է: Հասկացանք, էն ժամանակ թալանել են, բռնեք, դատեք իրենց: Բա հիմա գյուղացուն դիզվառելիքը, սելիտրան պետք է: Եթե էն ժամանակ ճիշտ չեն բաշխել, դուք էսօր ճիշտ բաշխեք»: