Ես ահազանգեր եմ ստացել, որ ՊԵԿ-ը արգելանքներ է դնում քաղաքացիների հաշիվների վրա, որը կապված է ինչ-որ պարտավորություններ չկատարելու հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իհարկե, դա արվում է օրինականության շրջանակներում, բայց մարդիկ հարց են տալիս՝ էս ճգնաժամի պայմաններում նորմա՞լ է դա անելը, թե՞ ոչ:

Գոնե ինչ-որ ձեւի պետք է մեղմացվեր հարկային վարչարարությունը: Հիմա կան ընկերություններ, որ այս օրերին չեն գործում, բայց երբ սկսեն աշխատել, գնալու են հարկերն ուզեն: Դրան գումարած, ընկերություններ կան, որ իրենց աշխատողներին ազատում են աշխատանքից»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ ի սկզբանե իշխանությունները թերագնահատել են իրավիճակը եւ անլուրջ են վերաբերվել. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պանդեմիա էր հայտարարել, Հայաստանում քարոզարշավ էր ընթանում»: