Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար Լեոնիդ Կոժարային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Atlantic Group-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ստարիցկու դիտավորյալ սպանությունը կատարելու կասկածանքով: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է երկրի ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն:

Հիմա նրան տեղափոխում են դատարան խափանման միջոց ընտրելու համար:

«Քննիչներն ու դատախազները ստուգել են «Ինտեր» հեռուստաալիքի նախկին տնօրենի զոհվելու հանգամանքները եւ հանգել այն եզրակացության, որ նա չէր կարող ինքն իր վրա կրակել»,- 112.ua-ի փոխանցմամբ՝ ասել է Գերաշչենկոն:

Փետրվարի 22-ի գիշերը Լեոնիդ Կոժարայի տանը գտնվել է քաղաքացի Ստարիցկու դիակը՝ հրազենային վիրավորմամբ, որը կատարվել էր տանտիրոջ պարգեւ ստացած զենքով: Կոժարան եւ նրա կինը ի սկզբանե եւ մինչեւ հիմա պնդում են, որ Սերգեյ Ստարիցկին ինքնասպան է եղել:

Հիշեցնենք, որ ոստիկանությանը հայտնել են Ստարիցկու ինքնասպանության մասին, բայց ոստիկանությունը սկսել է դիտարկել դիտավորյալ սպանության հնարավորությունը: Ոստիկանությունը ստուգել է Լեոնիդ Կոժարայի մասնակցությունը Սերգեյ Ստարիցկու սպանությանը նախկին նախարարի՝ Կիեւի մարզի Չայկայում գտնվող տանը: