Բոլորս էլ գիտենք, որ այդ վիրուսը Հայաստանում չի եղել, այն եկել է դրսից. առաջին քայլը պետք է լիներ այնպես անել, որ վիրուսը ներս չմտներ: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Եթե ներս է մտել, մի դեպքում հարսանիք է եղել, մի դեպքում՝ նշանդրեք, մի դեպքում 500 հոգանոց կոլեկտիվ, շփվելով համատարած տարածվել է: Ես հենց սկզբից ասել եմ, որ դժգոհ եմ մոտեցումից: Բոլոր սահմաններին պետք է թեստեր լինեին, օդանավակայանում, Հայաստանի մուտքերին, հիվանդանոցներում: Մարդը գնում է հիվանդանոց, թեստ չկա, օդանավակայանում չկա, միայն սուր վարակիչում է: Պետք է թեստերը լինեին, որ մարդկանց ստուգեին եւ կամ մեկուսացնեին, կամ ուղարկեին տուն, կամ ուղարկեին բուժվելու: Այս հարցին ուշադրություն չի դարձվել ոչ սահմանին, որ հիվանդանոցներում, ոչ օդանավակայանում: Բելառուսում բոլոր ճանապարհները, օդանավակայանները բաց են: Պարզ է, որ ստուգում են, թեստավորում են, հիվանդներին բուժում են»,-հայտարարեց Ծառուկյանը: