Մենք այսօր ունենք 200 հազար ընտանիք, որ օրավարձով աշխատում են, ստանում են օրական 5-7 հազար դրամ՝ իրենց տունը պահելու համար. հիմա այդ 200 հազար ընտանիքները չեն աշխատում, տաքսիստները չեն աշխատում, մարդիկ տաքսի չեն նստում, հյուրանոցները չեն աշխատում, տուրիստական ավտոբուսները չեն աշխատում: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Մենք առաջարկում ենք մարդկանց գոնե ամսական 70 հազար դրամ տրամադրեն: Օրավարձով աշխատողին, թոշակառուին, նպաստ ստացողին, տաքսիստներին, որ կարողանան գոյատեւել:

Բանկերում պետք է լինի երեք ամսով պարտավորությունների ներում:  1,65 մլն վարկառու կա: Մարդը չի աշխատում, չգիտի ոնց սնվի, ու էդ մարդուն ասում են՝ էս երկու ամիսը չես տա, հետո այս ամիսների տոկոսները գալու է: Պետք է դա սառեցվի, որ մարդիկ դրա մասին չմտածեն, մտածեն իրենց սննդի հարցի մասին»,-ասաց Ծառուկյանը:

Նա ծիծաղելի համարեց առաջարկը, որ բանկերը վարկառուներին անհատական մոտեցում կցուցաբերեն. «1,65 մլն մարդու հետ անհատական հանդիպումներ ոնց են կազմակերպելու, այն էլ վիրուսի պայմաններում: Եթե 10 րոպեում մեկ մարդու ընդունեն, օրական կընդունեն 48 մարդու, թող բազմապատկեն, օրական լինի 4 հազար մարդ: Բայց 1,65 մլն մարդու ընդունելու համար քանի տարի է պետք»: