Հարց չկա, միտք եմ ասել, տեսակետ եմ ասել, ես իմ տեսակետին տեր եմ մինչեւ վերջ, բայց ոչ թե կցկտուր, երկու տող այստեղից, երկու տող այնտեղից ներկայացնեն: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում իր արտահայտած մտքերին, որը բուռն քննարկումների առիթ էր դարձել:

«Ոչ թե մեր ասածը վերցնեն, կտոր-կտոր կտրտեն, ինչ-որ մասեր հանեն, մի մասը դնեն, դրանով երկիր չես կառուցի: Պետք է այս վիճակից դուրս գալ, դրա համար պետք է լսել, թե ում առաջարկն է լավը: Մեկ է այս վիճակից դուրս ենք գալու, բայց գոնե եղած կորուստներով կարողանանք սահմանափակվել»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում լրագրողի հարցին, թե արդյոք իրեն պատկանող ընկերությունների պարապուրդի մատնված աշխատողների աշխատավարձերը վճարվում են, Գագիկ Ծառուկյանը պատասխանել էր. «Բայց ես խի պետք է վճարեմ, ուզում եմ հասկանալ: Պետությունը արտակարգ դրություն հայտարարելու որոշում է կայացրել, ոչ մեկը իրավունք չունի ավելորդ գործ կատարելու, պետությունը պարտավոր է որպես ընտանիքի հայր, մտածի իր ժողովրդի, թոշակառուի, աշխատողի մասին: Ով որոշում ընդունել է, նա էլ պետք է վճարի»:

Ինչ վերաբերում է «Շանգրի լա» խաղատանը, Ծառուկյանն ասել էր. «Շանգրի լա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա»: