ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանը չի տեսել, որ իր գործընկերները ԼՀԿ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին «ձեռ առնեն», գուցե քաղաքացիների կողմից է Մարուքյանն արժանացել «ձեռառնոցու»: Այս մասին այսօր` մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Նշենք` Մարուքյանն ասել էր, թե ԼՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր Իրանի հետ սահմանի փակման եւ որոշակի խստացումներ իրականացնելու մասին, սակայն հայտարարությունները իշխանությունները «լուրջ չեն ընդունել»:

«Գուցե ամագոռգոռ եւ դեմագոգ հայտարարություններ անելուց առաջ մտածի, որ նման արտահայտությունները կարող են նման արձագանք ունենալ: Իրանից եկած քաղաքացիներից միայն մեկն է եղել վարակված, նա գտնվել է վերահսկողության տակ: Իրանի ճյուղ մենք Հայաստանում պայմանական չունենք: Կա արտադրամասի ճյուղը, որը Իտալիայից ժամանած քաղաքացու աշխատանքի հետեւանքով է եղել, որը եղել է ոչ պատշաճ վարքագծի հետեւանք: Նա փաստացի թաքցրել է: Երկրորդ ճյուղն էլ հայտնի նշանադրությունն էր: Անընդհատ ասել` եկեք սենց կամ նենց անենք, չունենալով տեղեկատվություն եւ պատասխանատվության զգացում»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ տարեցների նկատմամբ կա եւ հսկողություն, եւ հատուկ ուշադրություն. «Ամբողջ աշխարհում ծերերն ունեն այդ խնդիրները: Թոշակները բարձրացրել ենք, տանում ենք թոշակները հասցնում ենք տուն, որպեսզի այդ մարդիկ չհասնեն: Չենք տարանջատում որեւէ մեկին եւ բարձրացնում ենք եւ մեծահասակների աշխատավարձները, եւ հասարակ քաղաքացիների: Հիմա ես կարող եմ այնպիսի բաներ ասել. ասել, որ պետք է արագ պատուհանները պակել, բոլորին փակել: Դրանց հետեւանքների պատասխանատվությունը պարոն Մարուքյանը չի կրում եւ չի էլ կրելու»: