Կալիֆոռնիական Lexani Motorcars ընկերությունը, որը զբաղվում է սերիական ավտոմեքենաները անիվների վրա շքեղ «աշխատասենյակների» վերափոխելով, ցույց է տվել նոր Cadillac Escalade-ի հիմքի վրա բջջային գրասենյակի առաջին լուսանկարները: Դատելով նախորդ աշխատանքներից՝ ամենագնացի երկարությունը կարող է կազմել մոտ 6,5 մետր, իսկ գինը տատանվելու է 250-ից մինչեւ 450 հազար դոլարի սահմաններում, փոխանցում է Motor-ը:

Lexani-ն, որպես կանոն, լիմուզինները պատրաստում է երկար մոդիֆիկացիաների հիմքի վրա: Հաջորդ սերնդի Cadillac Escalade ESV-ը դեռեւս պաշտոնապես չի ներկայացվել, բայց մեքենայի չափերն արդեն հայտնի են՝ երկարությունը, լայնությունը, բարձրությունը եւ անվային բազան կազմում են համապատասխանաբար 5766, 2059, 1942 եւ 3407 միլիմետր: Նոր ամենագնացը սովորական տարբերակից երկար է 384 մմ-ով եւ նախորդին գերազանցել է 69 մմ-ով: Անվային բազան ավելացել է 105 մմ-ով:

Նախորդ Escalade-ի բազայով Lexani-ի բջջային գրասենյակը սովորական մեքենայից երկար էր 762 մմ-ով: Լիմուզինի սրահի հետեւի հատվածում տեղադրված էին 4 կաշվով երեսապատված բազկաթոռներ, օդափոխման առանձին համակարգ եւ տեսակապի բլոկ: Դրանից բացի, կար 48-դյույմանոց կոր էկրանով հեռուստացույց, iPad Pro պլանշետներ՝ մագնիսական լիցքավորմամբ, Mac Mini համակարգիչ, խաղային Sony Playstation 4 հավելված, շամպայնի համար սառնարան, գավաթների բռնիչ եւ աստղային երկնքով առաստաղ: