Բրիտանացիներին խորհուրդ է տրվում խուսափել միկրոալիքային վառարանն օգտագործելուց վիդեոազանգեր կատարելու, HD տեսանյութեր դիտելու կամ համացանցից օգտվելու ժամանակ, քանի որ վառարանները կարող են դանդաղեցնել Wi-Fi-ի ազդանշանները, հայտարարել է Ofcom մեդիա կարգավորիչը, փոխանցում է Reuters-ը:

Այս խորհուրդը ներառվել է կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում լայնաշերտ կապի արտադրողունակության բարձրացման վերաբերյալ առաջարկություններում, քանի որ ցանցի վրա ծանրաբեռնվածությունն աճել է` կապված այն բանի հետ, որ միլիոնավոր մարդիկ սկսել են աշխատել եւ սովորել հեռավար կարգով:

Ofcom-ը հայտարարել է, որ անլար հեռախոսները, ռադիո դայակները, հալոգեն լամպերը, դիմերները, ստերեո համակարգերը եւ համակարգչային բարձրախոսները, ինչպես նաեւ հեռուստացույցներն ու մոնիտորները եւս կարող են ազդել Wi-Fi-ի ազդանշանների վրա, եթե դրանք շատ մոտ են Wi-Fi-ի սարքին:

Ofcom-ում նշել են, որ ստացիոնար կամ ինտերնետային զանգերը կարող են ավելի լավ կապ ապահովել, քան բջջային զանգերը` օրվա ընթացքում անլար ցանցերում ծանրաբեռնվածության մեծացման պատճառով:

Շատ տներում վաղուց արդեն մոռացված ստացիոնար հեռախոսները նոր կյանք են առել, քանի որ մարդիկ վերագտնում են իրենց համար ընտանիքին եւ ըներներին ձայնային զանգի նշանակությունը պանդեմիայի ժամանակ: