Վատիկանյան L'Osservatore Romano օրաթերթը, որը Ֆրանցիսկոս պապը կատակով անվանել է «կուսակցության թերթ», կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է տպագրությունը՝ գրեթե 160 տարում երրորդ անգամ:

Խմբագիր Անդրեա Մոնդայի խոսքով՝ թերթը, որը հիմնադրվել է 1861 թվականին, կշարունակվի հրապարակվել համացանցում, եւ նրա աշխատակիցների մեծ մասը՝ մոտ 60 մարդ, ներառյալ 20 լրագրող, տանից կաշխատեն:

«Իրականությունն այնպիսին է, որ մենք դեռեւս բախվում ենք ճգնաժամին»,- ասել է Մոնդան Reuters գործակալությանը: 

Թերթի մոտ 5 հազար տպաքանակը համաչափ չէ միջազգային եւ եկեղեցական գործերի վերաբերյալ Վատիկանի կարծիքի լայն ազդեցությանը: Դրան հետեւում են շատ դեսպաններ:

«Մենք կաշխատենք հնարավոր ամեն ինչ անել համացանցում ընթերցողների լսարանը մեծացնելու համար, առայժմ չենք կարող կրկին տպագրվել»,- ասել է Մոնդան:

Լույս է տեսնելու ընդամենը 10 օրինակ: Դրանք նախատեսված են Ֆրանցիսկոս պապի, նախկին պապ Բենեդիկտոսի, մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների համար, մի մասը կարխիվացվի պատմական հաշվետվության համար:

Ֆրանցիսկոս պապը թղթակիցներին անցյալ տարի ասել էր, որ միայն 2 թերթ է կարդում՝ Osservatore-ը եւ Il Messaggero-ն:

Սա հազվադեպ որոշում է: Երկրորդ աշխարհամարտի տարիներին անգամ Հռոմի նացիստական օկուպացիայի ժամանակ թերթի տպագրությունը չի դադարեցվել:

Այն լույս է տեսնում 1870 թվականի սեպտեմբերի 20-ից: Թերթի հրատարակումը դադարեցվել էր նաեւ 1919 թվականին՝ Առաջին աշխարհամարտից հետո Իտալիայում աշխատանքային հուզումների եւ այլ դժվարությունների պատճառով: