Լոս Անջելեսում զենքի խանութները կրիտիկական կարեւորության ձեռնարկություններ չեն, եւ դրանք ստիպված կլինեն փակվել կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումների պատճառով, հայտարարել է Լոս Անջելեսի շերիֆ Ալեքս Վիլանուեւան, հայտնում է Americaru-ն:

«Հարյուրավոր ձեռնարկություններ կան, որոնք չեն համապատասխանում նահանգապետի` կրիտիկական ենթակառուցվածքի մասին բնորոշմանը: Դրանց թվում են նաեւ զենքի խանութները, ուստի զենքի վաճառքի բոլոր կետերը կփակվեն»,- ասել է Վիլանուեւան: Նրա խոսքով` բոլոր խախտողները կպատժվեն:

Վիլանուեւան նաեւ նշել է, որ գերատեսչությունը 1.300 շերիֆի օգնական կավելացնի` փողոցների պարեկության ուժեղացման համար:

Մեկ շաբաթ առաջ Կալիֆորնիայի նահանգապետ Գեվին Նյուսոմը կարանտինի մասին հրաման արձակեց նահանգի 40 միլիոն բնակչի համար. մարտի 20-ից սկսած նրանք պետք է մնան տանը` կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու համար: Ամբողջ երկրում զենքի խանութներում վաճառքներն աճում էին ամենատարբեր մտահոգությունների ֆոնին: