Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն այսօր արտահերթ նիստին որոշում կայացրեց արգելել նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար անհրաժեշտ ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս: Այս մասին նիստից հետ լրագրողներին հայտնել է ԵԱՏՀ առեւտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար). Անդրեյ Սլեպնյովը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:

Անդրեյ Սլեպնյովը նշել է, որ նիստը նվիրված էր կորոնավիրուսի տարածմանը կոլեկտիվ արձագանքմանն ու արձագանքման միջոցառումների մշակմանը: «ԵԱՏՀ-ն որոշում է կայացրել արգելել պաշտպանական միջոցների լայնածավալ արտահանումը ԵԱՏՄ-ի սահմաններից դուրս, - տեղեկացրել է նա:- Այս որոշումն անհրաժեշտ է, որպեսզի մենք հուսալի հավասարակշռություն ունենանք այդ միջոցների` դիմակների, ակնոցների, բժիշկների համար հատուկ կոստյումների եւ այլ նոմենկլատուրայի հարցում եւ որպեսզի այդպիսի ապրանքների` ԵՏՄ-ից արտահանման վտանգ չլինի: Սա` ընդհանուր արգելքի մասին»:

Ըստ ԵԱՏՀ նախարարի, քննարկվել են նաեւ ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային որոշումները, որոնք ընդունվել են պաշտպանիչ միջոցների արտահանումը սահմանափակելու համար: «Մենք սկզբունքային պայմանավորվածություն ենք ձեռք բերել խորհրդակցություններ անցկացնել շահագրգիռ մարմինների հետ, եթե երկրներից մեկում դեֆիցիտ առաջանա, ինչպես նաեւ փոխադարձ մատակարարումների հարցում հասցեական կոնկրետ դիմումների լուծման եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար,- ասաց նա:- Այս որոշումն այսօր երկար քննարկվել է, եւ դրա շուրջ համաձայնություն է ձեռք բերվել»:

Անդրեյ Սլեպնյովը հիշեցրել է, որ ԵԱՏՀ-ի կողմից ավելի վաղ ընդունված որոշումը` ԵՏՄ տարածք վարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ ինդիվիդուալ պաշտպանության միջոցների եւ բժշկական սարքավորումների ներմուծման մասին, արդեն իսկ ուժի մեջ է մտել: «Այս որոշումը մաքսատուրքերի զրոյացում է ենթադրում համապատասխան արտադրանքի լայն տեսականու վրա, ինչը կբարձրացնի դրա հասանելիությունը առողջապահական մարմինների համար»,- շեշտել է նա:

ԵԱՏՀ խորհրդի նիստն անցկացվել է վիդեոկոնֆերանսի տեսքով` Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոյի նախագահությամբ: