Ֆրանսիայի Իլ դե Ֆրանս շրջանում օդի որակը բարելավվել է 30 տոկոսով, հայտնում է RFI-ը՝ հղում կատարելով Le Monde-ին։ Այդ կտրուկ բարելավումը գլխավորապես կապված է ավտոմեքենաներից եւ տրանսպորտի այլ միջոցներից վնասակար արտանետումների կրճատման հետ։

Le Monde-ը հղում է կատարում Airparif ընկերության հետազոտության արդյունքներին, որոնք հրապարակվել են մարտի 25-ին։ Փորձագետների չափումների համաձայն, փարիզյան շրջանում օդի որակը բարելավվել է 20-30 տոկոսով։ Մասնագետները օդի նմուշը համեմատել են մարտի սովորական ցուցանիշների հետ։

Նրանք պարզել են, որ այդ բարելավումը կապված է ազոտաթթվի ավելի քան 60 տոկոս նվազման հետ։ Մարտի 17-ին այն ընկել էր 41 տոկոսով, իսկ ուրբաթ օրը՝ արդեն 64 տոկոսով։ Airparif-ի ղեկավար Կարին Լեժեն այս նվազումը բացատրում է տրանսպորտային միջոցների եւ ավիահաղորդակցության կտրուկ կրճատման հետ։ Փորձագետը նշում է, որ ճանապարհներին երթեւեկության ինտենսիվությունը նվազել է 70-90 տոկոսով։ Բացի այդ, Airparif-ը գրանցել է CO2-ի արտանետումների 30 տոկոս նվազում։ Հիշեցնենք, որ նման միտում NASA-ի փորձագետները կարանտինի սահմանումից հետո գրանցել են Չինաստանում եւ Իտալիայում։

Սակայն մասնագետներն ընդգծում են, որ օդում մանր մասնիկների պարունակությունը, որոնք ամենավտանգավորն են մարդու առողջության համար, չի փոխվել։ Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ դրանց չափը պահպանվում է նախկին մակարդակի վրա, քանի որ գյուղատնտեսական գործունեությունը շարունակվում է եւ ջեռուցման սեզոնը չի վերջացել։