Պետք է լինի ոչ թե հարկայինհետաձգում, այլ հարկային ամնիստիա, այսինքն այդ գումարները մարդկային լեզվով ասած, պետք է ջրվեն: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ դա պոպուլիզմ չէ, ինչպես երբեմն ուզում են ներկայացնել:

Իր հերթին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Աշխատանքային օրենսգրքի համաձայն այս պայմաններում գործատուները պարտավոր չեն աշխատողներին աշխատավարձ վճարելու, նրանք օրենքի ուժով ազատված են, որովհետեւ սահմանված է արտակարգ դրություն: Իսկ այն, ինչն ուզում են անել գործատուները, դա իրենց բարի կամքի արտահայտությունն է: Իսկ պետությունը, որ իրեն համարում է սոցիալական, պարտավոր է հոգալ մարդկանց կարիքները»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ-ում լրագրողի հարցին, թե արդյոք իրեն պատկանող ընկերությունների պարապուրդի մատնված աշխատողների աշխատավարձերը վճարվում են, Գագիկ Ծառուկյանը պատասխանել էր. «Բայց ես խի պետք է վճարեմ, ուզում եմ հասկանալ: Պետությունը արտակարգ դրություն հայտարարելու որոշում է կայացրել, ոչ մեկը իրավունք չունի ավելորդ գործ կատարելու, պետությունը պարտավոր է որպես ընտանիքի հայր, մտածի իր ժողովրդի, թոշակառուի, աշխատողի մասին: Ով որոշում ընդունել է, նա էլ պետք է վճարի»:

Ինչ վերաբերում է «Շանգրի լա» խաղատանը, Ծառուկյանն ասել էր. «Շանգրի լա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա»:

«Բայց ես խի՞ պետք է վճարեմ, պետությունը թող տա». Ծառուկյան