Ազգային ժողովը մարտի 25-ին երկրորդ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Փոփոխություններին կողմ քվեարկեց 91 պատգամավոր, 18-ը հանդես եկավ դեմ, իսկ 4-ը ձեռնպահ մնաց:

Նշենք, որ կառավարությունը ցեմենտի եւ կլինկերի շուկայում աննախադեպ գնանկման պատճառով առաջարկում է երկարացնել Իրանից եւ մի շարք այլ երկրներից ցեմենտի ներմուծման սահմանափակումները: Կառավարությունը խորհրդարանի աջակցությամբ մեկ տարի առաջ Իրանից եւ մի շարք այլ երկրներից ցեմենտի ներմուծման մաքսատուրք էր սահմանել, որը կազմում էր տոննայի համար 14 հազար դրամ: Այս սահմանափակումը պետք է հանվեր արդեն ապրիլին, սակայն հիմա Կառավարությունն առաջարկում է այն երկարացնել մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, սակայն կրկնակի քննարկելու եւ նշված ժամկետը կրճատելու հնարավորությամբ: