Ինը օր, իզուր, լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներ կիրառվեցին, այդ սահմանափակումներն իրենց չարդարացրեցին, որեւէ կերպ իրենց առաջնային նպատակին չծառայեցին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով պարետի որոշմամբ լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում վերջին փոփոխություններին 

Դոյդոյանն ասաց, որ մինչեւ ԵԱՀԿ-ի  հայտարարությանը` կապված ՀՀ ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումների հետ, իրենք արդեն իսկ դիտարկել էին այդ սահմանափակումները որպես խոչընդոտ` ԶԼՄ-ների աշխատանքին.

«Լավ կլիներ, որ մի-քանի օր առաջ հենց լսեին եւ ավելի վաղ իրականացնեին փոփոխությունները: Հաշվի առնելով նաեւ այս համընդանուր արտակարգ իրավիճակը, հասկանալի է, թե ինչու այդքան հապաղեցին, այնուամենայնիվ, լավ է, որ փոփոխությունները ի վերջո իրականացվեցին: Նախորդ 9 օրերը ապարդյուն են եղել, որը հարիր չէր այդ տեսակի կառավարման համակարգի համար»:

Շուշան Դոյդոյանի խոսքով`խնդիր կառաջանար, եթե ԵԱՀԿ-ի քննադատությանը որեւէ անդրադարձ չլիներ.

«Տվյալ դեպքում մոտ 2 ժամ անց քննադատությանը դրական արձագանք է եղել։ Ես չեմ կարծում, որ դա որեւէ բացասական հետեւանք կունենա, որովհետեւ անմիջապես լսել են եւ անհրաժեշտ փոփոխություններ կատարել, թեեւ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու մասին քննարկումները սկսվել էին դեռեւս կիրակի օրվանից։ Կառավարությունում տեղյակ էին այդ անհամաձայնություններին այն քննադատությանը»:

Դոյդոյանը շեշտեց, որ այս պահին բոլոր խնդրահարույց  կետերը փոփոխվել են եւ ավելի լավ չափանիշեր են սահմանվել: