Վրաստանի մասնագետների խորհրդատվությունները պահպանելու դեպքում կարելի է փուլային հաղթահարել կորոնավիրուսի համաճարակը, կարծում է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Նրա խոսքերով, շատ կարեւոր է, որ տվյալ պահին համաճարակաբանները տեղեկատվություն ունեն վարակման հաստատված բոլոր դեպքերի մասին։

Կառավարության նպատակը հենց այն էր, որպեսզի վարակման դեպքերը ոչ թե կտրուկ, այլ փուլային աճեին։

«Տարբեր մոդելները ցույց են տալիս, որ եթե մենք ոչինչ չձեռնարկենք, վիրուսի տարածման գագաթնակետը պետք է սպասել առաջին դեպքի հայտնաբերումից 7-8 շաբաթ հետո,- նշել է պաշտոնյան,- Առայժմ, բարեբախտաբար, մենք գիտենք բոլոր դեպքերը՝ ինչը ինչի հետ է կապված, բոլոր կապերը վերահսկվում են»,- նշել է նա։

Գաբունիայի խոսքերով՝ պետք է պահպանել «շատ ակտիվ սոցիալական դիստանցիայի» ցուցումները։ Նա կարծում է, որ այդ դեպքում համաճարակի տարածման գագաթնակետը կլինի 7-8-րդ շաբաթում, «մեծ հավանականությամբ կարող է եւ երբեք էլ չլինել»։

Մարտի 25-ի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 73 դեպք։ Տասը պացիենտներ արդեն առողջացել են, եւս երկուսը՝ Ավստրիայի քաղաքացիներ, մեկնել են Վրաստանից։

Կարանտինի մեջ է 4055 մարդ, բժիշկների հսկողության տակ՝ 252 մարդ։

Մարտի 21-ից ապրիլի 21-ը Վրաստանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանված։