Այս ամբիոնից մարդկանց ոչ թե կծկվելու ուղերձներ պետք է տանք, այլ պետք է պատրաստ լինենք թռիչքի, հաղթանակի: Այս մասին այսօր` մարտի 25-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ վարչապետին մի քանի հարցեր ուղղեց.

«Ըստ հայտարարված ծրագրի` շուրջ 80 միլիարդ դրամ նախատեսվում է զարգացման ծրագրերին աջակցելու համար, շուրջ 25 միլիարդ` սոցիալական աջակցության եւ 25 միլիարդ ընթացիկ հակաճգնաժամային միջոցառումների: Արդյոք Կառավարարությունը դիտարկե՞լ է համաճարակի տեւողությունից կախված տնտեսական զարգացումների տարբեր սցենարներ, մասնավորապես, մեկ ամիս, երեք ամիս, վեց ամիս ժամկետով: Արդյոք մշակվու՞մ է ռազմավարություններ այդ բոլոր սցենարների համար: Ինչու եմ ես կարեւորում սա, որովհետեւ, ակնհայտ է, շատ կարճաժամկետ ծրագրերի պարագայում շեշտադրումը դնում ենք զարգացման ծրագրերի վրա: Եթե մենք դիտարկենք ավելի երկար սցենարներ ճգնաժամային, ապա այդ զարգացման ծրագրերը աստիճանաբար տեղերը սկսում են զիջել գոյատեւման ծրագրերին: Կառավարությունը պիտի ունենա ռազմավարություններ նաեւ այդպիսի իրավիճակներին դիմակայելու համար: Եվ հիմնականում առաջարկվում է միայն վարկ վերցնելը, գոյատեւման խնդիր լուծելու պարագայում վարի ստանալ ուղղորդելը արդյունավետ չի»:

Վարչապետ Փաշինյանն էլ ասաց` այնպես չէ, որ Կառավարությունը սոցիալական աջակցության ծրագրեր չունի:

Հայտնեց, որ վաղը 5 փաթեթ է ընդունվելու, որտեղ կա նաեւ սոցիալական բաղադրիչը.

«Այդ սոցիալական օգնությունների մասին խոսելը շատ հեշտ է, բայց դրանց գաղափարախոսությունը ավերածություններ է արել մեր երկրում, որը մինչեւ հիմա չենք կարողանում հաղթահարել: Մեր հիմնական մեսիջը շարունակում է մնալ նույնը, որ սոցիալական աջակցություն ֆորս մաժորային իրավիճակներում պիտի լինի: Սակայն հիմնական ուղերձը պետք է լինի այն, որ սոցիալական բարդությունները պետք է հաղթահարեն աշխատանքի միջոցով: Հիմա աշխատանքի հնարավորությունները սահմանափակված են, մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ աշխատողին պահենք աշխատավայրում, աջակցենք, որ աշխատավարձ ստանա, եւ նա սոցիալական աջակցության կարիք ունեցողների խմբում չհայտնվի»:

Անդրադառնալով ծրագրերի ռազմավարությանը` վարչապետն ասաց. «Եթե մի ամսից երկար է տեւելու, ապա դրանից հետո արդեն կարիք չկա քննարկել 6 կամ 7 ամսվա սցենարը, քանի որ դա նույնն է: Կյանք կա ոչ միայն կորոնավիրուսից հետո, այլ նաեւ կորոնավիրուսի ժամանակ: Մենք չենք պատրաստվում 6 ամիս մեր քաղաքացիներին տներում փակել ու ասել` դուրս չգաք: Մենք 1 շաբաթով են սա սահմանել, սրա ազդեցությունը կդիտարկենք պրոցեսների վրա: Կարող է պարզվել, որ մենք պիտի ասենք` հա ժողովուրդ ջան, կորոնավիրուս է, կորոնավիրուս է, հիմա բոլորս գնացինք` զբաղվելու մեր գործերով: Եկեք այդ փարոսային փոսի մեջ ավելի շատ չընկղմվենք, քանի որ դա Հայաստանում էական օգուտ չի տվել»:

Արկադի Խաչատրյանն արձագանքեց, որ իր խոսքը վերաբերում է ցանկացած զարգացուման դեպքում` պետության պատրաստ լինելուն. «Մրցակցային մակարդակով բիզնեսներին պետությունը պետք է աջակցի»:

Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց.

«Մենք պետք է հասկանանք, որ պետական գնումների ընթացակարգը մեծ մասամբ այդտեղով է աշխատել: Դուք ասում եք պետք է լինի արդյունավետ ծախսը եւ ասում եք` չենք կարող ամիսներով տենդեր անել: Եթե ամիսներով չանենք, ապա արդյունավետ չի լինի:

Այս ճնգնաժամը բոլորի համար ստեղծելու է նոր հնարավորություններ: Հին համակարգերն ամբողջ աշխարհում քանդվում են:

Մենք այս ամբիոնից մարդկանց ոչ թե կծկվելու ուղերձներ տանք, նենց ա, որ բոլորս կուչ եկած ենք, այլ պետք է պատրաստ լինենք թռիչքի, հաղթանակի: Հերիք է իրենց ներշնչենք, որ իրենք խեղճ են: Ամեն ինչ լավ է լինելու:

Մեզ այսօր ամբիոնների մոտ կանգնեցնում ու ասում եք`դիմակ չկա, թանկացել է, գիտե՞ք այսօր աշխարհի ինչ երկրներում դիմակ չկա, ամենաթոփ մակարդակի հիվանդանոցներում բժիշկները դիմակը տանում են, տանը լվանում առավոտյան բերում են: Փողոցում, ծառերի տակ մարդկանց սիստեմա եմ միացնում: Պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվեր այս դահլիճում եթե Հայաստանում նման բան կատարվեր»: