Ուսուցիչների աշխատավարձի ոչ մի կրճատում կամ փոփոխություն, կապված Հայաստանում արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման հետ, չի նախատեսվում։ Այս մասին մարտի 25-ին Ազգային ժողովում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Խորհրդարանականները, մասնավորապես, նշեցին, որ սոցիալական կայքերում եւ որոշ ԶԼՄ-ներում գրվել է հեռավար ուսուցման գործընթացում չներառված ուսուցիչների աշխատավարձերի հնարավոր կրճատմանը վերաբերող մտահոգությունների մասին։

Ի պատասխան՝ նախարարը հայտարարեց, որ ոչ մի նման բան չկա։

«Հեռավար ուսուցումը որեւէ կերպ աշխատավարձի հետ փոխկապակցված չէ։ Ուսուցիչների աշխատանքի համար վճարումը կլինի 100 տոկոսանոց»,- ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում կա կորոնավիրուսով վարակման 265 դեպք, առողջացել է 18 քաղաքացի։ Երկրում մինչեւ ապրիլի 14-ը արտակարգ դրության ռեժիմ է սահմանված, որը մարտի 24-ին խստացվել է։