2020թ․ առաջին եռամսյակի հարկահավաքման պլանը Հայաստանում կգերակատարվի 5 մլրդ դրամով։ Այս մասին Ազգային ժողովի նիստում մարտի 25-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարկահավաքման կանխատեսումների մասին պատգամավորների հարցերին։

Վարչապետի վստահեցմամբ՝ կառավարությունը կգերակատարի հարկային պլանը առաջին եռամսյակում, որքան էլ դա տարօրինակ հնչի։

«Ինչ վերաբերում է նրան, թե ինչ տեղի կունենա հաջորդ եռամսյակներում, ապա մենք հասկանում ենք, որ խնդիրներ կունենանք։ Սակայն մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի նվազագույնի հասցնենք այդ խնդիրները։ Հենց այդ պատճառով էլ ասում եմ, որ մենք շատ ենք կենտրոնացել այդ հարկային արձակուրդների գաղափարի վրա»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ եթե բոլորը «արձակուրդ» ստանան, ապա հարկերի հավաքումը զրոյական կլինի, իսկ դա, վարչապետի խոսքերով, չի կարող լավ լինել ոչ մեկի համար, այդ թվում՝ եւ այն մարդկանց, ում մոտ հարկային «արձակուրդներ» կիրականացվեն։

Միաժամանակ, Փաշինյանը հավելեց, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ օգնելով հարկատուներին շարունակել աշխատել, ստանալ եկամուտ, շահույթ եւ վճարել հարկերը։