ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» երկրները վիրտուալ հանդիպման ժամանակ քննարկել են Չինաստանի «ապատեղեկատվության կանխամտածված քարոզչությունը»՝ կապված կորոնավիրուսի հետ։

Նա նշել է, որ աշխարհին նախկինի պես կորոնավիրուսի ստույգ տեղեկատվություն է պետք Պեկինից եւ կրկնել է, որ Չինաստանը ձգձգում է դրա տրամադրումը։

Պետքարտուղարությունում մամուլի ասուլիսի ժամանակ Պոմպեոն հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ է լիարժեք թափանցիկություն եւ կրկին վարակը «Ուհանի վիրուս» է անվանել։

Պոմպեոն ասել է, որ Միացյալ Նահանգները ուզում է աշխատել աշխարհի յուրաքանչյուր երկրի, այդ թվում՝ Չինաստանի հետ, որպեսզի «որքան հնարավոր է շատ մարդու կյանք պահպանի, իսկ այնուհետեւ վերականգնի իր տնտեսությունը, որը ոչնչացվել է Ուհանի վիրուսի կողմից»։

Ընդ որում, նա նշել է, որ այժմ որեւէ մեկին մեղադրելու ժամանակը չէ, եւ պետք է կենտրոնանալ ճգնաժամի լուծման ուղիների վրա, որի շուրջ G7-ի երկրները հանդիպման ժամանակ բանակցել են։ «Սակայն բոլոր ազգերը, որոնք ներկա են եղել այս հանդիպմանը այսօր առավոտյան, տեղեկացվել են ապատեղեկատվության քարոզչության մասին, որին մասնակցում է Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը»,- հավելել է Պոմպեոն։