Fitch Ratings գործակալությունը վատացրել է բանկային հատվածի կանխատեսումը՝ դարձնելով այն «բացասական» տարածաշրջանի ութ շուկաներից յոթի՝ Ադրբեջանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի համար։ Ուզբեկստանի բանկային հատվածի համար կանխատեսումը «կայուն» է մնացել, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Կանխատեսման փոփոխությունը գործակալությունը կապել է այն բանի հետ, որ այդ յոթ երկրների բանկերը հայտնվել են տնտեսական ճնշման տակ, որն առաջացել է կորոնավիրուսի դեմ պայքարի եւ նավթի գների նվազման հետեւանքով։ «Բանկերի վրա ճնշման աստիճանը կախված կլինի տնտեսական անկման մասշտաբներից եւ շարունակականությունից, ազգային տնտեսությունների համար որոշակի ռիսկերից եւ արտաքին ֆինանսավորումից (օրինակ՝ նավթի գների անկումից, զբոսաշրջության եւ դրամական փոխանցումների հետ կապված եկամուտներից), ազգային իշխանությունների քաղաքական միջոցառումներից եւ առանձին բանկերի բիզնես-պրոֆիլներից»,- նշվում է գործակալության հաղորդագրության մեջ։