Մենք մի էլեկտրոնային մատյան ենք ստեղծել եւ կուզենայինք, որ դրանք պարտադիր լրացնեիք։ Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը՝ դիմելով ուսուցիչներին։

Նախարարի խոսքով՝ բացի կառավարության կողմից տրամադրվող այս հարթակից, որեւէ այլ տեղ մատյան լրացնել պետք չէ. «Կխնդրեի, որ այս էլեկտրոնային մատյանը ուսուցիչները լրացնեին, որ տեսնենք գնահատակաները եւ թեմաները, որոնք անցնում են, եւ պատկերն ավելի լավ ունենանք մեր աչքի առաջ։ Դուք սրանով նաեւ ազատվում եք տարբեր այլ մատյաններ լրացնելու պարտավորությունից։ Ապագայում լիովին պետք է հրաժարվենք բոլոր թղթային լրացումներից, որ անում եք, դրանք կլինեն մատյաններ, տետրեր»։

Հարությունյանի խոսքով՝ 1 օրվա ընթացքում արդեն մեծ թվով ուսուցիչներ լրացրել են էլեկտրոնային մատյանը. «Մեր շուրջ 36.000 ուսուցիչներից 3000–ն արդեն լրացրել են, 10 տոկոսը, ինչը լավ է»։