Ռուսական Սու-27 ինքնաթիռը պլանային թռիչքներ իրականացնելիս, նախնական տվյալներով, ընկել է Սեւ ծովի մեջ։ Ընկած ինքնաթիռի օդաչուի որոնումները դժվարանում են անբարենպաստ օդերեւութաբանական պայմանների պատճառով, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին։

Հաղորդագրության համաձայն, օդաչուի որոնման եւ փրկության համար ռադիոընդունիչի ազդանշանի տարածքում օպերատիվ կերպով գործի են դրվել Հարավային ռազմական շրջանի որոնողափրկարարական ուժերն ու միջոցները՝ Ան-26 ինքնաթիռը եւ Մի-8 ուղղաթիռը:

Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքների համար նաեւ ուղարկվել են Սեւծովյան նավատորմի փոքր հակասուզանավ եւ քաղաքացիական նավեր, որոնք գտնվում էին դեպքի վայրի մոտ։