Այս պահին ունենք կորոնավիրուսի 290 ախտորոշված դեպք, երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ. մյուսը ՀՀ քաղաքացի է: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

«Այս ընթացքում ունեցել ենք 18 առողջացման դեպք: Մոտ 100 քաղաքացիներ մեկուսացված ռեժիմից դուրս են եկել: Նրանց մոտ ախտորոշումը բացասական է եղել, չեն էլ հիվանդացել: Այսօր էլ սպասում ենք առողջացման եւ ապամեկուսացման դեպքերի»,-ասաց Փաշինյանը: