ՄԱԿ-ում ՌԴ-ի, Վենեսուելայի, Իրանի, ՉԺՀ-ի, ԿԺԴՀ-ի, Կուբայի, Նիկարագուայի եւ Սիրիայի մշտական ներկայացուցչությունները նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին, որում նրան խնդրել են միջազգային հանրությանը կոչ անել չեղարկել միակողմանի պատժամիջոցները, որոնք երկրներին խանգարում են պայքարել COVID-19 կորոնավիրուսի դեմ: Նամակի կրկնօրինակը տեղադրվել է ՄԱԿ-ում ՌԴ առաքելության Twitter-յան էջում, հաղորդում է RG-ը: 

«Մենք հարգանքով կոչ ենք անում Ձեզ պահանջել անօրինական եւ անհիմն տնտեսական ճնշումների անհապաղ եւ լրիվ չեղարկում, որպեսզի մենք կարողանանք արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ»,- ասվում է նամակում:

Նամակի հեղինակները նշել են, որ այսօր կորոնավիրուսը մարդկության ընդհանուր թշնամին է, սակայն դրա դեմ պայքարի համար որոշ երկրներին խանգարում են միակողմանի եւ անօրինական պատժամիջոցները: Մասնավորապես, նամակում ասվում է միջազգային ֆինանսական համակարգերին հասանելիության սահմանափակումների մասին, ինչպես նաեւ առեւտրի խոչընդոտներին, որոնք այդ երկրների կառավարություններին խանգարում են բնակչությանն ապահովել բավարար քանակությամբ բժշկական սարքավորումներով եւ դեղամիջոցներով: