Վրաստանում կորոնավիրուսով վարակման լաբորատոր հետազոտությամբ հաստատված դեպքերի թիվն աճել է՝ 75-ից հասնելով մինչեւ 77-ի: Այս մասին հաղորդվում է կառավարական StopCov.ge կայքում, փոխանցում է «Նովոստի- Գրուզիան»: 

Ներկայումս ակտիվ դեպքերի թիվը կազմում է 65, քանի որ այս ընթացքում 10 մարդ արդեն առողջացել է եւ հիվանդանոցից դուրս գրվել: Վրաստանի տարածքից հեռացել են նաեւ երկու վարակված օտարերկրացիներ:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երկու նոր պացիենտների հիվանդության պատմությունը կապված է ԱՄՆ ուղեւորությունների հետ:

Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցի բուժտնօրեն Մարինա Էզուգբայան այսօր առավոտյան հայտնել է, որ իրենց կլինիկայում բուժումը շարունակում է 35 պացիենտ: Մնացյալը տեղավորված են եւս 5 մասնագիտացված բուժհաստատություններում, որոնք ընդունում են Վրաստանում կորոնավիրուսով հիվանդներին: Դրանից բացի, ուրբաթ հիվանդությունը հաստատվել է Զուգդիդի հիվանդանոցի պացիենտի մոտ:

Այս պահին շարունակում է կարանտինում մնալ 4055 մարդ, իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 252:

Մարտի 21-ից Վրաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ: Դրանից բացի, Քվեմո Քարթլիի մարզի երկու շրջաններում՝ Բոլնիսիում եւ Մառնեուլիիում մտցվել է խիստ կարանտին, քանի որ համաճարակաբանները չեն կարողացել պարզել 62-ամյա տեղի բնակչուհու վարակման աղբյուրը: Կինը կորոնավիրուսի առաջացրած սուր թոքաբորբով ուշ է դիմել հիվանդանոց:

Ենթադրվում է, որ կինը վերջին շրջանում շփվել է մեծ թվով մարդկանց հետ: Մառնեուլիի եւ Բոլնիսիի շրջաններում բնակվում է մոտ 200 հազար մարդ, մասնագետները պատրաստվում են զննել բոլոր բնակիչներին եւ անցկացնել զանգվածային թեստավորում: