Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09.00-ն, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 9 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։