Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 30 հազար լարի (ավելի քան 8,6 հազար դոլար) է նվիրաբերել ազգային հիմնադրամին երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին Զուրաբիշվիլին հայտնել է Facebook-ի իր էջում տեսաուղերձի ժամանակ:

Վրաստանի կառավարությունը մարտի 24-ին հայտնել է StopCoV հիմնադրամի ստեղծման մասին: Մինչ այդ հաջողվել է հավաքել ավելի քան 6,5 մլն լարի (1,9 մլն դոլար): Գումարը փոխանցել են քաղաքացիները, էմիգրանտները, քաղաքական գործիչները, գործարարները, բանկերը, խոշոր եւ փոքր ընկերությունները, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Զուրաբիշվիլին 30 հազար լարի է հատկացրել իր սեփական բարեգործական հիմնադրամից: Նա նաեւ դիմել է արտերկրում գտնվող քաղաքացիներին: «Ուզում եմ դիմել Ձեզ՝ իմ համահայրենակիցներին, որոնք գտնվում են երկրից եւ իրենց ընտանիքներից հեռու, այլ երկրներում, որտեղ տարածված է կորոնավիրուսը: Եղեք շատ ուշադիր, հետեւեք բոլոր խորհուրդներին: Մենք միասին անպայման կհաղթենք»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Հիմնադրամին 2 օրում ամենախոշոր նվիրատվությունը կատարել է Վրաստանի կոմերցիոն բանկը՝ TBC Bank, որը փոխանցել է 5 մլն լարի (ավելի քան 1,4 մլն դոլար): Եվս մեկ մլն լարի (մոտ 300 հազար դոլար) է փոխանցել Silknet հեռուստահաղորդակցման ընկերությունը:

Վրաստանում հաստատվել է վարակման 77 դեպք, 10 պացիենտ ապաքինվել է, եւս 2 պացիենտ՝ արտասահմանցիներ, լքել են երկրի տարածք: Կարանտինի մեջ է գտնվում 4055 մարդ, բժիշկների հսկողության տակ՝ 252 մարդ:

Վրաստանում մարտի 21-ից արտակարգ դրության ռեժիմ է գործում: Երկու շրջաններում՝ Բոլնիսիում եւ Մառնեուլիում, խիստ կարանտին է սահմանվել, քանի որ համաճարակաբանները չեն կարողացել պարզել 62-ամյա պացիենտի վարակման աղբյուրը: Կինը ուշ է դիմել հիվանդանոց սուր թոքաբորբով: Ենթադրվում է, որ նա վերջին շրջանում մեծ թվով մարդկանց հետո է շփվել: Բոլնիսիում եւ Մառնեուլիում մոտ 200 հազար մարդ է բնակվում, մասնագետները մտադիր են զանգվածային թեստավորում անցկացնել: