Մենք բյուջեի մասին օրենքում նույնպես պետք է որոշակի փոփոխություններ ունենանք ծախսերի ու եկամուտների մասով. սա առանձին քննարկման թեմա է: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայնեց ասվածի հետ եւ հավելեց. «Անցած տարվա հունիսին, օգոստոսին, նոյեմբերին արված կանխատեսումները  2020-ի եւ առաջիկա տարիների համար կորցրել են իրենց արդիականությունը:

Բյուջեում կատարվելիք այդ փոփոխությունների բովանդակությունն այն է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը հակացիկլիկ իր տրամաբանությունն է փորձում իրականացնել եւ ավելացնել մասնակցությունը տնտեսության մեջ: Ինչ վերաբերում է մեր հիմնարար աշխատանքներին, ուզում եմ հղում անել, որ մենք անելու ենք այն, ինչ կառավարության ծրագրով նախատեսված էր, ուղղակի դա անելու ենք ավելի արագ եւ ավելի խորը տրամաբանությամբ»:

Պայմանավորվեցին, որ մինչեւ ապրիլի 1-ը կկարողանան թեկուզ հեռակա կարգով կառավարության նիստ անել եւ այս փոփոխությունները կատարել, որպեսզի հնարավոր լինի Կորոնավիրուսի հետեւանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրից բխող քայլերն արագ կատարել, որ գումարները մտնեն տնտեսություն ու շրջանառվեն: