Եվրոպական ավտոպրոմի համար «սեւ օրեր» են. գործարանների աշխատանքի դադարեցումից հետո 14 մլն մարդ կարող է զրկվել աշխատանքից: Նման հայտարարությամբ է հանդես եկել եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան (ACEA): Պատճառը բոլորին հայտնի է՝ կորոնավիրուս, գրում է RG-ը:

Ինչպես նշել է ACEA-ի ղեկավար Էրիկ-Մարկ Ուիթեմը, սա ամենակոշտ ճգնաժամներից է, որի հետ երբեւէ բախվել են:

Նա ԵՄ իշխանություններին կոչ է արել հավելյալ միջոցներ ձեռնարկել ավտոմոբիլային ընկերություններին, ավտոպահեստամասերի մատակարարներին եւ դիլերներին աջակցելու համար:

Հիշեցնենք, որ Եվրոպայում գործում է 229 ավտոգործարան, որտեղ աշխատում է 2,6 մլն եվրոպացի: Շատ ընկերություններ հայտնել են ձեռնարկությունների ժամանակավոր փակման մասին: Ավտոմոբիլային արդյունաբերության շրջանառությունը կազմում է Եվրամիության ՀՆԱ-ի 7%-ը:

Կորոնավիրուսն ազդել է նաեւ ռուսական գործարանների վրա: Օրինակ՝ Կալուգայում եւ Նիժնի Նովգորոդում Volkswagen Group Rus-ը դադարեցրել է աշխատանքը եվրոպական գործարաններից մատակարարվող ավտոմասերի պակասի պատճառով: