2019 թվականի դեկտեմբերին հանրապետությունում մեկնարկել է «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիրը: Մարտի 26-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, ծրագրին մասնակցելու համար դիմել է 77 տնտեսվարող: Ծրագրում ընդգրկվելու ցանկություն են հայտնել ֆերմերներ գրեթե բոլոր մարզերից, հատկապես շատ են դիմորդները Արարատի, Լոռու և Արագածոտնի մարզերից:

Ընդհանուր առմամբ, ծրագրի նկատմամբ ֆերմերների հետաքրքրությունը բավականին մեծ է:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում առաջարկվում է ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման 3 մոդել.

1) 1-ին մոդել՝ միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով 300-600 քառ․մ թունելային ջերմատուն հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ.մ-ի հաշվով 11850 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխհատուցում 1 քառ.մ-ի հաշվով՝ 4000 ՀՀ դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների, սոցիալական աջակցություն ստա-ցող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների, գյուղատնտեսական կոոպերատիվների, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների (18-35 տարեկան), ագրարային ոլորտի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ու գիտաարտադրական կազմակերպությունների համար՝ 1 քառ.մ-ի հաշվով՝ 6000 ՀՀ դրամ,

2) 2-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ հողային հարստացված զանգվածով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 24 550 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխհատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 8 000 ՀՀ դրամ, իսկ 1-ին մոդելով սահմանված արտոնություն ունեցողների համար՝ 1 քառ. մ-ի հաշվով՝ 12 000 ՀՀ դրամ,

3) 3-րդ մոդել՝ պոլիէթիլենային թաղանթով 800-3000 քառ․մ միաթռիչք կամ բազմաթռիչք ջերմատուն՝ մշակության հիդրոպոնիկ եղանակով, որի կառուցման և տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են 1 քառ. մ-ի հաշվով 30 000 ՀՀ դրամ։ Տրամադրվում է ծախսերի փոխհատուցում 1 քառ. մ-ի հաշվով՝ 10 000 ՀՀ դրամ, իսկ սահմանված արտոնություն ունեցողների համար՝ 1 քառ. մ-ի հաշվով՝ 15 000 ՀՀ դրամ:

Ծրագրի մասնակցության նախապայման է հանդիսանում Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվող ուսուցողական դասընթացների մասնակցության հավաստագիրը։ Ներկա պահի դրությամբ դասընթացների մասնակիցների թիվը կազմում է 33 տնտեսավարող:

Ծրագրի այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում` հղումով:

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարելի է դիմել Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն (հեռ.՝ 011 524 610) կամ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն (հեռ.՝ 011 520 457):