Կառավարության այսօրվա նիստին պարետ Տիգրան Ավինյանի զեկուցած տեղաշարժման վերաբերյալ տվյալները գոհացուցիչ են, որովհետեւ էականորեն կրճատվել է մարդկանց տեղաշարժը: Այս մասին այսօր` մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:

«Ցանկացած պարագայում էլ ինչպիսի սահմանափակումներ էլ դնես, լինում են քաղաքացիներ, որոնք խախտում են այդ կանոնները: Ուզում եմ հատուկ ուշադրությունը հրավիրել մեր քաղաքացիների` անձնական պատասխանատվության վրա, որովհետեւ չեմ ուզում հղում անել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներին, ուզում եմ խնդրել, որ շատ պատասխանատու վերաբերվեն այս սահմանափակման միջոցին: Ամեն մարդ թող մտածի, որ իր գործողություններով ոչ միայն վտանգի տակ է դնում այլոց առողջությունը, այլ նաեւ իր ընտանիքի անդամների առողջությունը»,- ասաց պատգամավորը:

Անդադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն առաջարկին, որ արտակարգ դրությամբ պայմանավորված, ԱԺ նիստերն անցկացվեն միայն այդ թեմայով պայմանավորված, սակայն իր առաջարկը չընդունվեց, Մարուքյանն ասաց, որ դա որոշ պատգամավորների համար հերոսանալու առիթ է, Ուլիխանյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել. «Ես չէի ուզում մեկնաբանել, եթե հիմա մեկնաբանեմ պատգամավորի ասածները, կարող է հետո մեկնաբանվել իմ ասածը այնպես, թե ես օգտագործում եմ իր անունը հերոսանալու համար»:

Ուլիխանյանը քաղաքացիների տեղաշարժմանն անդրադառնալով շեշտեց, որ քաղաքացիները պետք է գիտակցեն` ամեն ինչ կախված է յուրաքանչյուր անհատի պատասխանատվությունից.

«Այսպիսի ուղերձների միջոցով մարդիկ պետք է հասկանան, երբ մենք ասում ենք` կա այդպիսի անհրաժեշտություն, ապա պետք է սեփական զգոնություն դրսեւորել եւ վերջիվերջո ամեն չպետք է թողնել պետական հսկողության վրա: Մենք չենք կարող ամեն տեղ հսկիչներ ուղարկել` մարդկանց ամեն քայլափոխը հսկելու համար»: