Եթե պատգամավորները համաձայն են հրաժարվել մարտի իրենց հավելավճարներից հօգուտ կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի համար Էկոնոմիկայի նախարարության բացած հաշվեհամարի, ապա Կառավարության անդամները եւս պետք է այդպես վարվեն: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Ընդ որում՝ պատգամավորը նշեց, թե իրեն առայժմ հայտնի չէ՝ գործադիր իշխանության ներկայացուցիչներն արդյոք պատրաստվում են համանման կերպով վարվել, թե ոչ: «Դա, իհարկե, իրենց անձնական գործն է եւ իրենց իրավունքը, բայց եթե ելնում ենք այն հանգամանքից, որ պաշտոնատար անձինք ենք, անձինք, որոնք աշխատավարձ են ստանում հանրային միջոցների հաշվին, ապա այս հարցում պետք է նաեւ պատասխանատվություն զգանք: Հետեւաբար այս ամենը վերաբերում է նաեւ Կառավարության անդամներին, հատկապես, երբ գործադիր իշխանության ներկայացուցիչները ավելի բարձր աշխատավարձեր են ստանում, եւ դա կատարվել է գաղտնի: Որքանով ինձ հայտնի է, անգամ փոխնախարարն ավելի շատ է ստանում, քան պատգամավորը»,- շեշտեց Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակման 290 դեպք: